ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի — Sputnik. Մինչև կառավարության ձևավորումն ու գործունեության ծրագրի ներկայացումը ԱԺ արտահերթ նիստ հրավիրելն ու դրանում 22 հարց ներկայացնելը վկայում է, որ փոփոխությունների մասին խոսելն անիմաստ է: Նման հայտարարությամբ այսօր ԱԺ-ի արտահերթ նիստի մեկնարկին հանդես եկավ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ևս դժգոհություն հայտնեց կառավարության ներկայացրած նախագծի վերաբերյալ, հատկապես դրանում ներառված երկու օրինագծերի` «Հարկային օրենսգրքի» և «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծերի վերաբերյալ:
«Ինչ-որ մեկին նշանակելու համար կառավարության կազմը վերաձևելը, ինչ-որ մեկի համար կոմիտե ստեղծելն անընդունելի է»,- իր ելույթում հայտարարեց Զոհրաբյանը:
Պատգամավորների խոսքով` կառավարությունն արտահերթ նիստ է հրավիրել հատկապես այն ժամանակ, երբ քաղաքական ուժերը զբաղված են ՏԻՄ ընտրություններով, իսկ պատգամավորները բացակա են նիստերից:
Ի դեպ, նիստին այսօր գրանցվել է 114 պատգամավոր:
ԱԺ-ն արտահերթ նիստում առաջին և երկրորդ ընթերցմամբ պետք է քննարկի նաև կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Գործադիրն առաջարկում է Էկոնոմիկայի նախարարությունը վերանվանել ներդրումների և ձեռնարկատիրության աջակցության, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը` էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, Կապի և տրանսպորտի նախարարությունը` կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն: Իսկ քաղաքաշինության նախարարությունը նախագծից հանված է, ինչը նշանակում է, որ այն առաջիկայում կստանա կոմիտեի կարգավիճակ: