-Անտոն, պատմեք Ձեր մասնագիտության մասին:
— Մասնագիտությունս ավիացիայի հետ կապ չունի, բայց նույնքան գեղեցիկ է, որքան թռիչքը: Ես զբաղվում եմ ճարտարապետությամբ, աշխատում եմ բյուրոյում, որտեղ փորձում ենք ավելի գրավիչ և հարմարավետ դարձնել մեր քաղաքը, մեր աշխարհը:
-Իսկ ինքնաթիռներ նկարազարդելը հոբբի՞ է: Վաղու՞ց եք զբաղվում այդ գործով:
— Իմ կյանքը միշտ այս կամ այն կերպ կապված է եղել ավիացիայի հետ, հայրս սերտ կապ է ունեցել այդ ոլորտի հետ, ես էլ փոքր ժամանակ սովորել եմ ավիացիոն դասարանում: Այսինքն այդ սերն իմ ԴՆԹ-ում է, թեև ինչ-որ ժամանակ հեռու եմ եղել ավիացիայից: Բայց 2006թ-ից ԴՆԹ-ն իրեն զգացնել տվեց, և ես սկսեցի հետաքրքրվել ավիացիայի պատմությամբ, ուսումնասիրել ինքնաթիռները, մարդկանց, որոնք ծառայում են տարբեր երկրների ավիացիաներում: Նրանք բոլորը նվիրված են իրենց երկրին և երկնքին:
- Օդաչու դառնալու մասին մտածե՞լ եք:
— Ես ձգտում եմ դրան, տվյալ պահին մասնավոր օդաչու եմ, ունեմ իմ «Լ-29» ինքնաթիռը: Ռազմական ուսումնարան ընդունված գրեթե բոլոր կուրսանտները թռել են այս ինքնաթիռներով: Ինձ բախտ է վիճակվել լավ ինքնաթիռ գտնել, գնել այն, և ահա ես թռչում եմ դրանով:
-Ձեր ինքնաթի՞ռն էլ է նկարազարդված:
— (Ծիծաղում է) Այո, բայց առայժմ նկարներն այդքան էլ վառ չեն:
-Իսկ այլ տեխնիկայի վրա նկարու՞մ եք:
— Ես ավտոմեքենա ունեմ, որը նույնպես մի փոքր նկարազարդել եմ՝ կրկին ավիացիոն թեմայով: Ընկերներ ունեմ «Ստրիժի» ավիացիոն խմբում և որպես նվեր՝ խմբի 25-ամյակի կապակցությամբ իմ ինքնաթիռը ներկել եմ «Ստրիժիի» գույներով:
-Ի՞նչ են նշանակում Ձեզ համար այդ պատկերները:
— Երբ ինձ առաջարկեցին պատկերներ նկարել այն ինքնաթիռների վրա, որոնց ավելի վաղ սրբերի անուններ էին տվել, ես, իհարկե, առաջին հերթին սկսեցի ուսումնասիրել սրբերից յուրաքանչյուրի պատմությունը՝ ինչ է նա տվել ուղղափառությանը, ինչի համար է սրբադասվել: Ինձ համար դա, անշուշտ, աշխարհայացքի ընդլայնում է, ուսումնասիրում եմ իմ երկրի, իմ հավատի անցյալը: Սրբապատկերը նկարում եմ ու գիտեմ, թե ով է նա, ինչով է փառաբանվել: Մասամբ զբաղվում եմ նաև լուսավորչական աշխատանքով: Ինքնաթիռների հետ կապված բոլոր աշխատողները մոտենում են, հարցնում՝ ով է այս սուրբը, ինչով է հայտնի, ինչու պետք է հիշենք նրա մասին:
-Դուք շատ օդաչուների եք ճանաչում և երևի կիմանաք՝ սրբերի նկարները նկարելուց հետո ինչ-որ բան փոխվու՞մ է նրանց համար:
— Գիտե՞ք՝ ավիացիան բավական լուրջ մասնագիտություն է: Ես երբեք չեմ նկարում ինքնաթիռի վրա, եթե չեմ ստանում տեխնիկի կամ օդաչուի «օրհնությունը»: Օրինակ, երեկ նկարել եմ ուղղաթիռներից մեկի վրա, հերթապահությունից հետո մոտեցա տեխնիկին, հարցրի՝ հը՞, ինչպե՞ս է: Ասաց՝ ամեն ինչ հիանալի է: