ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik. Սեպտեմբերի 23-ին, ժամը 10.31-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Կառնուտ գյուղի գոմերից մեկում տեղի է ունեցել փլուզում, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է որ, փլուզվել է Կառնուտ գյուղի թիվ 11 փողոցի 9-րդ տանը հարակից նորակառույց անասնագոմի փայտյա ծածկը՝ մոտ 30 քմ:
Մինչ հրշեջ փրկարարների կանչի վայր հասնելը՝ թիվ 48 ՀՓՋ-ի վարորդ-փրկարար, փրկարար ծառայության ավագ սերժանտ Ա.Կ.-ը (հերթափոխից ազատ) տուժածներին դուրս է բերել փլատակներից և Տ. Հ.-ին (ծնված 1949 թ.) իր ավտոմեքենայով տեղափոխել Գյումրու բժշկական կենտրոն:
Տ. Հ-ի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: Մ. Հ.-ը (ծնված 1981 թ.) շտապօգնության ավտոմեքենայով հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ, որտեղ վերջինս մահացել է: