ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. Եթե նույնիսկ ՀՀ Վերաքննիչ դատարանը բեկանի ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովի նկատմամբ կալանք չկիրառելու առաջին ատյանի դատարանի որոշումը, Միրոնովը պարտավորված չի լինի վեադառնալ Հայաստան:
Այդ մասին այսօր, ի պատասխան Sputnik Արմենիայի հարցին, ասաց փաստաբան Վրեժ Խաչիկյանը:
«Իրավական ոլորտում մենք չունենք որևէ իրավասություն՝ նրան պարտավորեցնելու, որ վերադառնա Հայաստան: Նման պարտավորություն մեր պետությունը չի էլ կարող ստանձնել»,- ասաց փաստաբանը:
Հարցին, թե այդ պարագայում ի՞նչ նպատակ է հետապնդում Միրոնովին ազատ արձակելու որոշումը բեկանելու մասին վերաքննիչ դատարան ներկայացրած բողոքը, Վրեժ Խաչիկյանն այսպես պատասխանեց.
«Կարծում եմ, իր իրավասության սահմաններում դատախազությունը պարտավոր էր բողոքարկել, քանի որ գտնում էր, որ իր կողմից ներկայացրած փաստաթղթերն ամբողջությամբ բավարար էին կալանավորում նշանակելու համար»:
Վերաքննիչ դատարանում դատավարությանը մասնակցելու համար ևս, փաստաբանի խոսքով, Սերգեյ Միրոնովն, ամենայն հավանականությամբ, Հայաստան չի գա, այլ կլիազորի մասնակցել իր փաստաբաններին: Դատավարության օրը դեռ հայտնի չէ, փաստաբանը դատարանից ծանուցում չի ստացել:
ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովը ձերբակալվել էր «Զվարթնոց» օդանավակայանում, օգոստոսի 26-ին, ԱՄՆ իշխանությունների պահանջով հայտարարված հետախուզման շրջանակներում:
Երեք օր ձերբակալված մնալուց հետո առաջին ատյանի դատարանը նրան դատարանի դահլիճից ազատ արձակելու որոշում էր կայացրել:
Այդ որոշումը դատարանը հիմնավորել էր նրանով, որ ամերիկյան կողմը եռօրյա ժամկետում չէր ներկայացրել Միրոնովին կալանավորելու մասին ԱՄՆ դատարանի որոշումը:
Ինչ վերաբերում է Միրոնովին դատարանի դահլիճից ազատ արձակելուն, փաստաբանի խոսքով, կալանքի միջնորդությունը մերժելով, դատարանը պարտավոր էր նրան ազատ արձակել:
«Երբ լրացավ 72 ժամը, և անձը դուրս եկավ դատարանի դահլիճից, ազատ է իր գործողությունների մեջ, կարող էր դուրս գալ ՀՀ-ից կամ մնալ, և մենք չունենք որևէ իրավական նորմ, որով կարող ենք պարտավորեցնել նրան մնալ ՀՀ-ում»,- այդ կերպ մեկնաբանեց փաստաբանը այն մեղադրանքները, թե Միրոնովին թույլ է տրվել լքել Հայաստանը նախքան դատարանի որոշումն ուժի մեջ մտնելը: