ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik, Մարիա Շելուդյակովա. Հայ հրատարակիչները մասնակցել են գրքի ամենահեղինակավոր ցուցահանդեսներից մեկին` Գրքի մոսկովյան 29-րդ միջազգային ցուցահանդես-վաճառքին, որը տեղի է ունեցել Մոսկվայում` Ժողովրդական տնտեսության ձեռքբերումների ցուցահանդեսում, սեպտեմբերի 7-11-ը։
Մոսկվայի ամենահայտնի հասարակական հարթակներից մեկում այս տարի հավաքվել էին Ռուսաստանի և այլ երկրների ավելի քան 500 հրատարակչությունների ներկայացուցիչներ։ Ընդ որում` ցուցահանդեսը ոչ միայն նոր գրքերն են, այլև հանդիպումները հեղինակների հետ. ժամանակակից գրականությունը ներկայացնում էին անվանի գրողներ, թատրոնի և կինոյի դերասաններ, մշակույթի գործիչներ, քաղաքական գործիչներ և գիտնականներ։ Հայ հրատարակիչները մասնակցում են այս ցուցահանդես-վաճառքին սկսած 1977թ-ից` դրա ստեղծման առաջին տարուց։ ԽՍՀՄ փլուզումից հետո ոչ մեծ դադար է եղել, բայց 1977թ-ից հայերն այս ցուցահանդեսում ավանդական հյուրեր են։
Sputnik-ի թղթակցին Հայաստանի տաղավարը ներկայացրեց Խաչիկ Վարդանյանը` Bookinist հրատարակչության տնօրենը։ Հայկական հրատարակչությունների մասնակցությունը կազմակերպել է Հայաստանի մշակույթի նախարարությունը։ Մասնակիցները Մոսկվայում ներկայացնում են ժամանակակից հայ գրականությունը։
«Bookinist ընկերությունը, որը ես ներկայացնում եմ, վերջին տարիներին սկսել է հրատարակել սեփական գրքերը։ Մենք բերել ենք մեր գրքերը։ Դրանք տարբեր ուղղվածության են»,- ասաց Վարդանյանը։
Հրատարակչի կարծիքով` տարիների հետ մոսկովյան ցուցահանդեսը կորցնում է իր կշիռը` գրքի նկատմամբ հետաքրքրության անկման պատճառով։
«Նախկինում այդ տոնավաճառը խոշոր միջազգային ցուցահանդես էր։ Ցավոք, տարեցտարի մասնակիցները նվազում են, եթե անկեղծ ասեմ` միջոցառումները պակաս հետաքրքիր են դառնում։ Եղել են ժամանակներ, երբ բոլոր երեք սրահները լեփ-լեցուն են եղել, իսկ հիմա միայն մեկ սրահ է, այն էլ` ոչ լրիվ։ Ինչո՞ւ է այդպես։ Գրքի նկատմամբ հետաքրքրությունը նվազում է։ Քիչ են կարդում։ Այդ ժամանակներն անցել են»,- մտահոգություն հայտնեց նա։
Միաժամանակ հրատարակիչը համոզված է, որ վաղ թե ուշ գիրքը կրկին տարածված կլինի, որովհետև նոութբուքերը, սմարթֆոնները միայն տեղեկատվության կրիչներ են, իսկ գիրքը նախևառաջ հաճույք է։ Հայկական տաղավարում ներկայացված են ռուսերեն և հայերեն գրքեր։ Դրանք հիմնականում հայկական ժողովրդական հեքիաթներ են և դասական ստեղծագործություններ, ցուցահանդեսում հենց այդ գրքերն են մեծ պահանջարկ վայելում։
«Ռուսաստանում հայկական գրքի նկատմամբ հետաքրքրությունը շատ մեծ է, մասնավորապես, մանկական գրականության։ Ընդ որում` հայկական թեմատիկան հետաքրքրում է ոչ միայն հայերին, այլև ռուսներին։ Հետաքրքրվում են արևելագետները, տարբեր ոլորտի մասնագետները, պատմաբանները, քաղաքագետները։ Մենք հետաքրքիր նորույթ ենք բերել այստեղ` «Հայերը և շումերները»։ Գիրքը գրել է հնագետը մատչելի գիտահանրամատչելի լեզվով։ «Այդ անհավանական հայերը» գիրքը հետաքրքիր կլինի բոլորին, որովհետև գրված է նուրբ հումորով։ Որպես հրատարակիչ` ես ոչ բոլոր փաստերի հետ եմ համաձայն, բայց ինչ արած», — պատմեց Վարդանյանը։
Գրքի մոսկովյան միջազգային ցուցահանդես-վաճառքի շրջանակում տեղի է ունեցել ավելի քան 800 միջոցառում, որոնց շարքում` հանդիպումներ ժամանակակից հեղինակների հետ, շնորհանդեսներ, բանավեճեր գրական ոլորտի արդի թեմաների շուրջ, ինչպես նաև գրական մրցանակների դափնեկիրների պարգևատրում։