ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի կրթության և գիտության նախարարության պատվիրակությունը, նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանի գլխավորությամբ, երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Վրաստան։
«Թբիլիսիում կողմերը կքննարկեն վրացական բուհերում միջգերատեսչական պայմանավորվածությունների հիման վրա սովորող Հայաստանի և Վրաստանի ուսանողների կրթության խնդիրները, ինչպես նաև երկու երկրների միջև միջբուհական համագործակցությունը»,- հաղորդում է վրացական ghn լրատվական գործակալությունը։
Սեպտեմբերի 13-ին Լևոն Մկրտչյանը կհանդիպի Վրաստանի տեխնիկական համալսարանի ռեկտոր Արչիլ Փրանգիշվիլու հետ։ Ավելի վաղ Մկրտչյանը հանդիպել էր Հայաստանում Վրաստանի դեսպան Գեորգի Սագանելիձեի հետ։