ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik. Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանին Կրասնոյարսկի հայկական համայնքն ու ըմբիշի ընկերները դիմավորել են մեծ հանդիսավորությամբ: Rusarminfo-ն հայտնում է, որ Հարությունյանի պատվին կազմակերպվել է ավտովազք` Gelentvagen, Mercedes-Benz, G-class մեքենաներով, որոնց վրա մարզիկի պատկերով պաստառներ են փակցված եղել։
Բացի այդ, Միհրան Հարությունյանին է փոխանցվել 2,5 միլիոն ռուբլու քարտ:
Ռիո դե Ժանեյրոյում կայացած 31-րդ Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի եզրափակիչ փուլում սերբ ըմբիշ Դավոր Շտեֆանեկի հետ մենամարտի ժամանակ հայ ըմբիշ Միհրան Հարությունյանը ոսկե մեդալից զրկվեց կանխակալ մրցավարության պատճառով: Հարությունյանը հայտարարել էր սպորտից հեռանալու մասին, սակայն ժամանելով Երևան` նա հայտարարեց, որ շարունակելու է իր մարզական կարիերան` նպատակ ունենալով դառնալ հաջորդ Օլիմպիական խաղերի չեմպիոն: