ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի — Sputnik. Նյու Յորքում 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված ակցիա կանցկացվի: Մասնակիցները հարգանքի տուրք կմատուցեն 15 տարի առաջ գրոհայինների հարձակման զոհ դարձած 2977 մարդու հիշատակին։
Գլխավոր արարողությունը կկայանա Նյու Յորքում, հենց այն վայրում, որտեղ ժամանակին գտնվում էին Համաշխարհային առևտրի կենտրոնի երկնաքերները: Արարողությունը կսկսվի տեղական ժամանակով 8.46-ին, հենց այն ժամին, երբ ահաբեկիչների երկու ինքնաթիռներից մեկը մխրճվեց երկվորյակ շինություններից մեկի մեջ: Ավանդաբար մետրոնոմի հարվածների ներքո կարդում են բոլոր զոհերի անունները:
Այդ նույն պահին կհնչի Սուրբ Պողոս եկեղեցում տեղադրված զանգը, որը ՆյուՅորքին նվիրել են Լոնդոնի բնակիչները 2002թ-ին:
Երեկոյան Նյու Յորքի երկինքը կլուսավորեն 88 հսկայական լուսարձակներ, որոնք կկրկնեն փլուզված երկնաքերների եզրագծերը:
2001 թվականի սեպտեմբերի 11-ին «Ալ Քաիդա» խմբավորման գրոհայինները գրավել էին ուղևորատար 4 օդանավ, որոնցից երկուսը նրանք ուղղել էին դեպի Նյու Յորքի 110-հարկանի երկու աշտարակներ։
Եվս մեկ Boeing ուղղվել էր Պենտագոնի շենքի վրա, 4-րդ օդանավն էլ պայթել էր Շանքսվիլ քաղաքի մոտ։