ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի — Sputnik. Ղրղըզստանում մեկնարկած Քոչվորների համաշխարհային խաղերին Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես ներկայացված չէ: Այդ մասին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը պաշտոնական նամակով (27.07.2016թ.) տեղեկացրել է խաղերի քարտուղարության մարզական համակարգող Բելեկ Ուսենբեկովին:
«Միաժամանակ հայտնում ենք, որ խաղերի կազմակերպիչները դիմել են նաև ՀՀ առանձին մարզական ֆեդերացիաներին, և որոշ մարզիկներ, որպես անհատներ, իրենց նախաձեռնությամբ և իրենց ֆինանսական միջոցներով մեկնել են մասնակցելու այդ խաղերին՝ չտեղեկացնելով ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը:
Պաշտոնապես հայտարարում ենք, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը շարունակելու է մարզաձևերի ֆեդերացիաների լիցենզավորմանն ուղղված նախաձեռնությունը՝ դրան տալով օրենքի ուժ, ինչը հնարավորություն կտա բացառել նմանատիպ ինքնագործունեությունը մարզաձևերի ֆեդերացիաների կողմից և ինքնակոչ մարզիկները կզրկվեն միջազգային մրցահարթակներում՝ որպես Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ հանդես գալու հնարավորությունից»,- նշված է նախարարության տարածած հայտարարության մեջ: