ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի — Sputnik. ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 3-ին ստորագրել է հրամանագիր հակառակորդի գնդակից զոհված Արայիկ Օրդուբեկյանին հետմահու պարգևատրելու մասին, ասված է ԼՂՀ նախագահի կայքում։
Հաղորդման համաձայն` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Արայիկ Օրդուբեկյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Հիշեցնենք, որ հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում, սեպտեմբերի 2-ին` ժամը 23:30-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1997թ. ծնված Արայիկ Սամվելի Օրդուբեկյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է նախաքննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հակառակորդի կողմից ձեռնարկվող նախահարձակ գործողությունների և դրանց հետևանքների ողջ պատասխանատվությունը կրելու է ադրբեջանական կողմը: