Անի Լիպարիտյան, Sputnik.
Ավանդաբար, սեպտեմբերի 1-ը մեծ անցուդարձ է առաջացնում այն երկրներում, որտեղ այս օրը նշվում է որպես գիտելիքի օր։ Հայաստանի բուհերում անցկացվում է առաջին կուրսեցիներին նվիրված հանդիսավոր արարողություն` նրանց ուսանող կարգելու արարողությունը։
Երբ մտնում ես համալսարանների լսարաններն ու հանդիսությունների դահլիճները, որտեղ նստած են առաջին կուրսեցիները, այնպիսի տպավորություն է ստեղծվում, կարծես նրանցից շատերը մինչև վերջ չեն գիտակցում, թե ինչ է իրենց հետ կատարվում։
Ոմանք հուզված են, ոմանք վախենում են սպասվող քննություններից, իսկ ապագա մասնագետների մյուս մասն էլ արդեն այսօր է մտահոգվում այն մասին, թե որտե՞ղ և ինչպե՞ս է աշխատանք փնտրելու։
Փոքր դադարից հետո ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը ամբիոն բարձրացավ։ Էկոնոմիկայի և մենեջմենթի ֆակուլտետի ուսանողներին ողջունելով` գերատեսչության ղեկավարը նշեց, որ իր համար մեծ պատիվ է հերթական անգամ գտնվել հարազատ բուհի ֆակուլտետի պատերից ներս։
«Սեպտեմբերի 1-ը միայն նոր կյանքի և նոր գիտելիքների սկիզբ չի խորհրդանշում։ Դուք ձեր առջև նպատակ եք դնում, որին ձգտելու եք ողջ ուսման ընթացքում։ Հայաստանին անհրաժեշտ են նոր, պրոֆեսիոնալ տնտեսագետներ», — նշեց Մինասյանը։
ԵՊՀ լրագրության ֆակուլտետում իսկական խառնաշփոթ էր։ Ուսանողներն իրենց դասախոսներին բուռն ծափերով էին դիմավորում, լսում ֆակուլտետի ներկայացուցիչների պատմությունները ապագա մասնագիտության վերաբերյալ։ Դասախոսները ուսանողներին մաղթեցին հաջողություններ նոր ուսումնական տարում։
ԵՊՀ էկոնոմիկայի և մենեջմենթի ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողուհի Ֆլորան պատահական չի ընտրել մասնագիտությունը։
«Յուրաքանչյուր երկրում իր գործի պրոֆեսիոնալներ պետք է լինեն։ Հայաստանն, իմ կարծիքով, լավ տնտեսագետների կարիք ունի, հենց այդ պատճառով էլ ես ընտրեցի այս մասնագիտությունը», — Sputnik Արմենիայի թղթակցին ասաց ուսանողուհին։
Նա նշեց, որ իրեն հետաքրքրում են ֆինանսներն ու վարկերը, և շատ է ցանկանում աշխատել այդ ոլորտում։