ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի — Sputnik. Գիտելիքի օրը՝ սեպտեմբերի 1-ը, կրկնակի տոն էր Ֆիոլետովո գյուղի միջնակարգ դպրոցում. այստեղ ոչ միայն ողջունեցին առաջին դասարանցիներին, այլև գրադարանի համար ավելի քան 100 գիրք նվեր ստացան «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից:
Ֆիոլետովո գյուղի դպրոցի 140 աշակերտներին ողջունեցին «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն և Հայաստանում ՌԴ դեսպանատան խորհրդական Ալեքսանդր Վասիլևը:
«Սեպտեմբերի 1-ը իսկական տոն է, նոր ուսումնական տարվա, գիտելիքների նոր մակարդակի օր: Սովորեք, կարդացեք, դարձեք ձեր ծնողների և դպրոցի հպարտություն», — շնորհավորելով աշակերտներին` ասաց ՀԿԵ տնօրեն Սերգեյ Վալկոն:
Նա ընդգծեց, որ ընկերությունը շարունակելու է համագործակցել դպրոցի հետ: Օրինակ՝ դպրոցի գրադարանը ստացավ 100 նոր գիրք, և դա ոչ միայն ՀԿԵ-ի, այլև ընկերության աշխատակիցներից մեկի՝ Արթուր Չոբանյանի նվերն է:
Բացի այդ, երկաթուղին դպրոցին նվիրեց մասնագիտական վառարան՝ աշակերտների համար հացաբուլկեղեն թխելու համար, վերանորոգել է սենյակներից մեկը:
Սերգեյ Վալկոն գրքեր նվիրեց գյուղական դպրոցի լավագույն աշակերտներին: Իսկ դպրոցի տնօրեն Վալերի Միրզաբեկյանը ՀԿԵ ղեկավարին շնորհակալագիր հանձնեց երկարատև համագործակցության համար:
Դա ՀԿԵ-ի կողմից Ֆիոլոտովոյի դպրոցին ցուցաբերած աջակցության առաջին փորձը չէ: Ընկերությունն արդեն աջակցել էր դպրոցի վերանորոգման աշխատանքների իրականացման և ինտերակտիվ ուսուցման դասարանի կահավորման գործին, դասագրքեր էր նվիրել դպրոցի գրադարանին:
Իսկ 2015 թվականին երկաթուղին վերանորոգեց մարզադահլիճը, որը չէր շահագործվում երկրաշարժից հետո, ինչպես նաև վերականգնեց ջեռուցման համակարգը և տանիքը, կոսմետիկ վերանորոգեց դպրոցի մասնաշենքերը:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: