ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի — Sputnik. Պոնիչալա-Մառնեուլ-Գուգուտ (հայ-վրացական սահման) միջազգային նշանակության ճանապարհի վերանորոգման աշխատանքները մեկնարկել էին 2015թ-ի նոյեմբերին և արդեն եզրափակիչ փուլում են։ Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան։
Ինչպես հաղորդում է Sputnik Գրուզիան, դա ամենակարճ ճանապարհն է, որը Քվեմո Քարթլի շրջանն ու Հայաստանը կապում է Թբիլիսիի հետ։ Շուրջ 19,1 միլիոն լարի (մոտավորապես 8,3 միլիոն դոլար) արժողությամբ նախագիծն իրականացնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարության ավտոմոբիլային ճանապարհների բաժինը։
Նախագծի շրջանակում Բոլնիսկի և Դմանիսկի վարչական շրջաններում կվերանորոգվեն ճանապարհները, ավտոտաղավարները, հասարակական տրանսպորտի կանգառի համար նախատեսված հարթակները, սովորական ճանապարհները, կտեղադրվեն ճանապարհային նշաններ, կվերանորոգվեն ջրի խողովակները, որոնք միացած են տեղական նշանակության ճանապարհներին։
Պոնիչալա-Մառնեուլ-Գուգուտ ավտոճանապարհի 300-մետրանոց հատվածում ճանապարհը կառուցվում է նորարարական մեթոդով, ինչը պետք է ավելացնի հուսալիությունը և երկարացնի շահագործման ժամկետը։ Նորարարական մեթոդը հնարավորություն է տալիս արագ և էժան վերանորոգել ճանապարհը, իսկ այդ մեթոդով նորոգված ճանապարհի հիմքն ավելի կայուն է և ամուր։