ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի — Sputnik. Անդրեն և Սիրուշոն Գերմանիայում ճանաչվել են Հայաստանի լավագույն երգիչներ` միջազգային Daf Bama Music Awards մրցանակաբաշխության ընթացքում (Անդրեն ճանաչվել է Հայաստանի լավագույն երգիչ, իսկ Սիրուշոն՝ լավագույն երգչուհի): Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Անդրեն։
«Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր քվեարկեցին իմ օգտին։ Ձեր շնորհիվ ես արժանացա լավագույնի տիտղոսին արդեն միջազգային հարթակում», — գրել է Անդրեն։
Հաջորդ օրը Անդրեն Սիրուշոյի հետ համատեղ լուսանկար է հրապարակել և հետևյալ գրառումն արել. «Մրցանակների հաղթարշավի ավանդույթները շարունակվում են… Պատիվ էր կրկին ներկայացնել Հայաստանը Միջազգային մրցանակաբաշխությունում 32 երկրների կողքին»։
Հիշեցնենք, որ երկուսն էլ ներկայացրել են Հայաստանը «Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթին. Անդրեն 2006-ին` «Without Your Love» երգով և 2008 թվականին Սիրուշոն` «Qele Qele» երգով։
Daf Bama Music Awards մրցանակը շնորհում է Daf Entertainment ընկերությունն արդեն երկրորդ տարին երաժշտական ոլորտում երաժիշտների ունեցած ձեռքբերումների համար։