ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի- Sputnik. Այս տարվա սկզբից ի վեր ֆրանսիական իշխանությունն արդեն 15 օտարերկրացու է արտաքսել ահաբեկչությանն օժանդակելու համար։ ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավար Բեռնար Կազնևը։
«Մենք զիջումների չենք գնում նրանց նկատմամբ, ովքեր ատելության կոչ են անում և ահաբեկչություն են հրահրում։ Ես հստակ հանձնարարական եմ տվել` արտաքսել այն օտարերկրացիներին, որոնք նման ելույթներ են ունենում մզկիթների ներսում կամ մզկիթներից դուրս։ 2012 թվականից ի վեր ավելի քան 80 անգամ կիրառվել է այդ պատժամիջոցը։ Տարեսկզբից հաշված` մենք 15 հոգու ենք արտաքսել, որոնցից 6-ին` օգոստոսին»,- ասել է Կազնևը։
Նա նշել է, որ վերջին ամիսների ընթացքում շուրջ 20 մզկիթ ու փոքրիկ դահլիճներ են փակվել։ Այս պահին մշակման փուլում են ևս մի քանի նմանատիպ հաստատությունների փաստաթղթերը։
«Արմատական իսլամի դեմ ուղղված մեր ջանքերը համալիր բնույթ են կրում, դրանցում ներգրավված են շահագրգիռ բոլոր կողմերը, այդ թվում` մուսուլման առաջնորդները»,- հայտարարել է նախարարը։