Հասմիկ Սահակյան, Sputnik.
Զգուշացրել էին, որ Մաքրավանք տանող ճանապարհը վատն է, բայց դժվար էր պատկերացնել դրա վտանգավորության աստիճանը։ Թեև մեքենան ոլոր-մոլոր, նեղլիկ «փողոցով» շարժվում էր ընդամենը 10կմ/ժ արագությամբ, միևնույն է` ուղևորներն անդադար ցնցվում էին անվերջանալի թվացող մեծ ու փոքր փոսերի խորությունից։

Տեղացիները պատմում են, որ ձմռանը Մաքրավան թաղամասի բնակիչները եկեղեցուց իջնելու միայն մի տարբերակ ունեն` պոլիէթիլենային տոպրակները փռում են ձյան վրա, նստում են դրանց վրա ու սահելով իջնում։ Ասում են` առանց լուրջ վնասվածքների տեղ հասնելու այլ տարբերակ չկա։
… Վերջապես հասանք տների հետևում թաքնված, երբեմնի հոյակերտ, այժմ կիսավեր, բայց դեռ երկար ու ձիգ դարեր ապրելու մեծ ցանկությամբ Մաքրավանք։ Տարածքում անթիվ խաչքարեր էին ու տապանաքարեր, որոնք միանշանակ շատ ավելի վաղ դարաշրջանի էին պատկանում ու յուրաքանչյուրն իր հետաքրքրաշարժ պատմությունն ուներ։
Մաքրավանի խաչքարերից մեկն անգամ ճամփորդել է Ֆրանսիա` 2006 թվականի սեպտեմբերի վերջին մեկնարկած «Հայաստան, իմ բարեկամ» Հայաստանի տարին Ֆրանսիայում ծրագրի շրջանակում և մասնակցել «Սուրբ Հայաստան» խորագիրը կրող խաչքարերի ցուցահանդեսին Լուվրում։
Ցավոք, այս կառույցը, որը ժամանակին վանքային համալիր է եղել, այժմ գտնվում է անմխիթար վիճակում և առ այսօր չի վերանորոգվել ու չի վերականգնել իր երբեմնի փառքը:
«Հիմնական պատճառը եկեղեցի տանող ճանապարհի իսպառ բացակայությունն է, այդ ճանապարհով անհնար է որևէ շինարարական տեխնիկա բարձրացնել վանքային համալիրի տարածք», — նշում է մեր զրուցակից Ռուզաննա Միրզոյանը, որը Մաքրավանքի բարեկարգման և վերականգնման հասարակական նախաձեռնության անդամ է։







2016 թվականի մարտին ստեղծվել է Հրազդանի Մաքրավանքի բարեկարգման և վերականգնման հասարակական նախաձեռնությունը, որի անդամներն արդեն մի շարք նամակներ են հղել պատկան մարմիններին և օժանդակություն խնդրել։ Նախաձեռնող խմբի անդամները հանդիպում են ունեցել Կոտայքի Թեմի և ՀՀ Ոստիկանության հոգևոր առաջնորդ Տ. Առաքել Արքեպիսկոպոս Քարամյանի հետ, որը ողջունել է այս նախաձեռնությունը և խոստացել ամեն կերպ աջակցել նախաձեռնող խմբին։ ` ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի` Հրազդան կատարած այցերից մեկի ժամանակ Նախաձեռնության անդամները դիմել է նաև վարչապետին, և նա Մաքրավանք տանող ճանապարհի վերակառուցման աշխատանքները սկսելու բանավոր հանձնարարական է տվել տեղական ինքնակառավարման մարմիններին, բայց սայլը տեղից դեռ չի շարժվել։
Նշենք, որ այս «բազմաչարչար» ճանապարհի երկարությունն ընդամենը 1 կիլոմետր է, ու Մաքրավանքի բարեկարգման և վերականգնման հասարակական նախաձեռնության անդամներն էլ հանձնվելու մտադրություն չունեն։
Թեև Մաքրավանքն այսօր չի գործում, այնուհանդերձ ուխտագնացների պակաս այստեղ չկա։ Դա, թերևս, կարելի է բացատրել այն փաստով, որ Մաքրավանքն իրեն հատուկ մաքուր մթնոլորտ ունի և մագնիսի պես ձգում է մարդկանց։ Իսկ ավերված գավիթի տարածքում աճած վայրի սալորի ծառը, որը ժողովուրդը երազանքների ծառ է դարձրել, իր բերք ու բարիքով է հյուրասիրում ուխտագնացներին։
Մի խոսքով, Մաքրավանք այցելող յուրաքանչյուր ոք այստեղից հեռանում է կրկին վերադանալու անբացատրելի ցանկությամբ։
