ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի — Sputnik. Դեպքի վայրի զննության ժամանակ հայտնաբերել են կրակած փամփուշտը, տրավմատիկ ատրճանակը պահունակով և մահից առաջ գրված նամակը: Բնակարանի մուտքի դուռը փակ է եղել, տան իրերն՝ իրենց տեղում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ուկրաինայի ազգային ոստիկանության մամուլի ծառայությանը:
«Ոստիկանությունը պարզում է լրագրողի մահվան հանգամանքները… Երբ դեպքի վայր ժամանեց օպերատիվ քննչական խումբը, պատշգամբում տղամարդու դի հայտնաբերեցին՝ գլխի հրազենային վնասվածքով: Դատաբժշկական փորձաքննության նախնական արդյունքներով` մահը վրա է հասել Մոսկվայի ժամանակով ժամը 20:00-21:30 ընկած ժամանակահատվածում: Պարզվել է, որ 1962 թվականին Ռուսաստանի Դաշնությունում ծնված քաղաքացին մի քանի տարի ապրել է Կիևում, առցանց-պարբերական ղեկավարել», — գրված է հաղորդագրության մեջ:
Դեպքի առթիվ հարուցվելէ քրեական գործ «կանխամտածված սպանություն» հոդվածով:
«Կիև Օպերատիվնի» պորտալի ֆեյսբուքյան էջում նշված է, որ մահացածը ռուս լրագրող և «Նովի Ռեգիոն» գործակալության հիմնադիր Ալեքսանդր Շետինինն է:
«28.08.2016 գիշերը Կոնստանտինովսկայա փողոցի վրա գտնվող բնակարանում մահացած են գտել լրագրող Ալեքսանդր Շետինինին: Ալեքսանդրին հայտնաբերել են նրա ընկերները, որոնք եկել էին շնորհավորելու Ալեքսանդրի ծննդյան օրը: Նա նստած է եղել աթոռին (աթոռի տակ ընկած է եղել ատրճանակը)», — գրում է «Կիև Օպերատիվնի» պորտալը:
Նշվում է, որ գործը կարող է որակվել որպես ինքնասպանություն, քանի որ Շետինինն իր մտերիմներից մեկին էլեկտրոնային նամակ է գրել և հայտնել, որ ինքնասպան լինելու մտադրություն ունի: