ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի — Sputnik. Հոկտեմբերի 14-ից Armenia Aircompany ընկերությունը ուղիղ ավիաչվերթ է իրականացնելու Վորոնեժ-Երևան ուղղությամբ: Այս մասին գրված է Վորոնեժի օդանավակայանի կայքում:
Վորոնեժի բնակիչները կկարողանան Հայաստանի մայրաքաղաք մեկնել շաբաթը երկու անգամ` երեքշաբթի և ուրբաթ օրերին:
Չվերթերն իրականացվելու է Boeing 737-500 ինքնաթիռներով, որոնք կարող են 132 ուղևոր տեղափոխել: Տոմսերի արժեքի ու չվերթի տևողության մասին տեղեկություն նշված չէ:
Կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ այս երիտասարդ ավիաընկերությունն այսօրվա դրությամբ Հանրապետության միակ ավիափոխադրողն է, որը չվերթեր է իրականացնում դեպի ԱՊՀ և Եվրոպայի երկրներ:
«Արմենիա» ավիաընկերությունը ստեղծվել է 2015 թվականին, բայց իր գործունեությունը սկսել է 2016 թվականի ապրիլի 21-ից: Այն տեղակայված է Երևանում, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում:
Վերջին տվյալների համաձայն` Վորոնեժում ավելի քան 56 հազար հայ է բնակվում: