ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի — Sputnik. Անթիլիասում քննարկումներ են կայացել` կապված Սիսի պատմական աթոռի հողատարածքի վերադարձի հարցով սկսված և Թուրքիայի կողմից մերժված դատի հետ, հայտնում է arevelk-ը։
Ըստ հաղորդման` Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնել են, որ Արամ Ա. Կաթողիկոսը մի շարք խորհրդակցություններ է ունեցել Սիսի կաթողիկոսարանի վերադարձի դատի վերաբերյալ։
Ինչպես հայտնի է, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը 2015թ. ապրիլի 27-ին Թուրքիայում հայց էր ներկայացրել դատարան` պահանջելով Սիսի կաթողիկոսարանի պատմական կալվածքը։
Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են Թուրքիայում կատարված վերջին զարգացումները, ինչպես նաև Եվրոպայի մարդու իրավունքների դատարանի և Թուրքիայի հարաբերությունների միջև ստեղծված նոր պայմանները ու դրանց հավանական ազդեցությունը հայերի դատի վրա։ Խորհրդակցությունների ժամանակ քննարկվել են նաև առաջիկա քայլերը։