ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի — Sputnik. Բելառուսի մայրաքաղաք Մինսկից Հայաստան առաջին անգամ զբոսաշրջիկներ էին եկել` դժվար ճանապարհը հաղթահարելով մոտոցիկլետներով:
Երևանի քաղաքապետարանն արդեն երրորդ անգամ է անցկացնում է Yerevan Beer Fest փառատոնը` Կարապի լճի շրջակայքում հավաքելով մայրաքաղաքի բնակիչներին և հյուրերին: «Երևանյան ամառ» միջոցառումների եռամսյա ծրագրի շրջանակում օգոստոսի 20-ին Կարապի լճի մոտ տեղի ունեցավ գարեջրի փառատոնը:
«Երևանում շատ լավ է: Այստեղի գարեջուրը շատ համեղ է: Անկրկնելի բույր ունի», — Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց մայրաքաղաքի հյուրերից Ալեքսեյը:
Մինսկից ժամանած մեկ այլ հյուրի խոսքով` համացանցում Երևանի մասին կարդալիս ինքը կարծել էր, թե «Երևանը փոքր-ինչ ձանձրալի քաղաք է», սակայն տպավորությունները միանգամայն այլ են:
«Մենք մոտցիկլետներով ենք Մինսկից ժամանել: Երևանը շատ գեղեցիկ է, այստեղ ամեն ինչ հրաշալի է, մենք ճանապարհորդում ենք: Մենք կցանկանայինք կրկին վերադառնալ», — ասաց Արսենին և ավելացրեց, որ հայկական գարեջուրը յուրօրինակ համ ունի:
Նա ավելացրեց, որ բելառուսական գարեջուրը սպիրտի համ ունի, իսկ Հայաստանում այս ըմպելիքն ավելի փափուկ համ ունի:
Բելառուսից ժամանած զբոսաշրջիկները բաց տեսակի այս ոգելից խմիչքը համտեսելուց հետո մոտեցան այլ տաղավարների, որտեղ կարող էին փորձել նաև մուգ տեսակի գարեջուր:
Արև, կարապներ, գարեջուր և պարեր
Քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը նշեց, որ գարեջրի փառատոնը և Yerevan Taraz Fest-ը «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագրի ամենախոշոր միջոցառումներն են:
Փառատոնին մասնակցեցին հայրենական գարեջուր արտադրողները, գարեջրի ռեստորան-ակումբները, գարեջրի սիրահարների ասոցիացիաներն ու խեցգետնի սիրահարների ֆեդերացիան:
«Այս տարի փառատոնին առաջին անգամ մասնակցեց Լեռնային Ղարաբաղի էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչությունը: Երևանը և Ստեփանակերտը սերտ կապեր ունեն, համագործակցություն կա նաև զբոսաշրջության ոլորտում, և այս տաղավարը ներկայացնում է Ղարաբաղի զբոսաշրջային ներուժը», — Sputnik Արմենիային ասաց Բարաղամյանը:
Ծով գարեջուր և զվարճանքներ
Բարաղամյանի խոսքով` հինգ ժամի ընթացքում միջոցառման հյուրերը գարեջուր խմելու, խեցգետին ուտելու, այլ ուտեստներ համտեսելու, ինչպես նաև տարբեր մրցումների մասնակցելու և մրցանակներ շահելու հնարավորություն ունեն: Փառատոնի ընթացքում ելույթ ունեցան երաժշտական համույթներ, պարային խմբեր, դիջեյներ:
«Անցած տարիների ընթացքում փառատոնն ունեցել է 4000 այցելու, այս տարի նրանց քանակն ավելացել է, սակայն կոնկրետ թվեր հնարավոր կլինի ասել միայն փառատոնի ավարտից հետո: Այսօր շուրջ 100 կգ խեցգետին կա այստեղ», — ասաց Բարաղամյանը` նշելով, որ հասարակական միջոցառումների ընթացքում անվճար հյուրասիրություն չի թույլատրվում, նման փառատոների իմաստը վաճառքն ու դրանից ստացվող եկամուտն է:
Նա ավելացրեց, որ Yerevan Beer Fest գարեջրի փառատոնը կարելի է համարել գերմանական Oktoberfest-ի` «ավագ ընկերոջ» նախատիպը: Քաղաքապետի օգնականի խոսքով` միջոցառման կազմակերպիչները ձգտում են այնպես անել, որ գարեջրի փառատոնը դառնա ամենալայնածավալ միջոցառումներից մեկը, որը Հայաստանի մարզերից և այլ երկրներից կհյուրընկալի մեծ թվով մասնակիցների:
Բարաղամյանն ավելացրեց, որ այս փառատոնը պետք է դարձնել բրենդային և ավանդական, որովհետև Երևանն ունի գարեջրի արտադրության 3000 տարվա պատմություն. դեռ ուրարտացիներն էին պատրաստում գարեջուր, ինչի մասին վկայում են «Էրեբունի» պատմահնագիտական թանգարան-արգելոցում պահվող նյութերը։
Երևանի գարեջրի փառատոնի նպատակն է արտերկրից ժամանած հյուրերին ծանոթացնել հայկական գարեջրի յուրահատկություններին և մեկ հարթակում ներկայացնել այն կազմակերպություններին, որոնք զբաղվում են գարեջրի արտադրությամբ հայկական շուկայում: