ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի — Sputnik. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր և գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանին՝ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ, հայտնել են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։
Սարգսյանը մաղթել է նրան առողջություն, արևշատություն և ստեղծագործական նոր նվաճումներ:
«Դուք մեր թատերարվեստի այն երևելիներից եք, ով տասնամյակներ շարունակ կոփելով բեմադրիչի իր ազնիվ կեցվածքը` հանդիսատեսի առանձնակի սերն ու համակրանքն է վայելում: Ձեր ստեղծագործական ձեռագրի յուրօրինակ դրսևորումներն են Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում բեմադրած՝ ժամանակակից և դասական դրամատուրգների բազմաթիվ գործերը»,- ասված է նախագահի ուղերձում:
Սարգսյանը նշել է, որ Գրիգորյանի հարուստ ու բովանդակալից կենսագրությունը վառ և ուսանելի օրինակ է թատրոն մուտք գործող նոր սերնդի ներկայացուցիչների համար:
Նա նաև նշել է, որ մեծ է Գրիգորյանի ավանդը հայ-ռուսական մշակութային համագործակցության զարգացման և բարեկամության ամրապնդման գործում: Նա սիրված և գնահատված է նաև հայրենիքի սահմաններից դուրս։