ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի — Sputnik. Հայաստանում առկա սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակը կապված չէ ԵՏՄ-ի անդամակցության հետ, երկուշաբթի լրագրողներին ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը։
«Ո՞վ ասաց, որ մեկը լավ է, մյուսը` ոչ։ Ընդհանուր առմամբ, ԵՏՄ-ին անդամակցելը որևէ կերպ չի խանգարում մեզ համագործակցել, օրինակ, Իրանի հետ։ Խնդիրը երկրի ներսում տիրող քաղաքական կամքի մեջ է. մենք զարգանում ենք, պայքարում կոռուպցիայի դեմ, ապահովում տեխնոլոգիական զարգացում կամ ոչ», — ասաց Բոստանջյանը։
Նրա խոսքով` Իրանի և ԵՏՄ-ի հետ անդամակցությունը, իհարկե, կապ ունի երկրի զարգացման հետ, սակայն երկրի սոցիալ-տնտեսական զարգացման համար վճռորոշ դեր են խաղում ներքին գործոնները։
Փորձագետը նշում է, որ ամենակարևորն այն է, թե արդյո՞ք Հայաստանում ստեղծվում է մի բան, որը հետաքրքրում է հարևան երկրներին։ Եթե նման արտադրանք լինի, ապա գործընկեր կդառնան և՛ ԵՏՄ-ն, և՛ Իրանը, և՛ ԵՄ-ն։ Իսկ առայժմ, Բոստանջյանի խոսքով, առանց որևէ բան ստեղծելու հասարակությունը քննարկում է Միության կազմը համալրելու կամ դրանից դուրս գալու նպատակահարմարությունը։
Նրա կարծիքով` սրանք դատարկ խոսքեր են, քանի որ երկրի կայացման խնդիրները գցում են ուրիշների վրա, թեև երկրում առկա խնդիրների մեղավորներ պետք է փնտրել հենց երկրի ներսում։
«Բոլորին հայտնի է, որ Հայաստանի տնտեսությունը երկար տարիներ շարունակ կոմայի մեջ է։ Դա ոչ թե երեկվան ու այսօրվան է վերաբերում,, այլ` ընդհանրապես, ինչն էլ պայմանավորված է մի շարք օբյեկտիվ, սակայն հիմնականում սուբյեկտիվ պատճառներով», — նշեց փորձագետը։
Բոստանջյանի խոսքով` չորս հազար տարվա պատմության ընթացքում կարծիք է ձևավորվել, թե հայերը վատ ապրել չեն կարող, բայց ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակը բոլորովին հակառակն է ցույց տալիս։
Փորձագետը համոզված է, որ նման իրավիճակից դուրս գալու համար պետք է լուծել մենաշնորհի հարցը, դադարեցնել ընդերքի վաճառքը, որի օգտագործումից ստացած եկամուտները ժողովրդին բարեկեցիկ կյանք չեն ապահովում։
Նրա կարծիքով` առաջին հերթին կառավարման համակարգը պետք է արմատական և ոչ թե կոսմետիկ փոփոխությունների ենթարկվի։