ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի — Sputnik. Թեև Ղրիմում սոսկալի անձրև էր տեղում, և մեծ հարցականի տակ էր դրվել «Մանկական Նոր ալիք» մրցույթի պարգևատրման արարողությունն անցկացնելու հարցը, այնուհանդերձ կազմակերպիչները որոշեցին անտեսել քամին ու անձրևը և գործն ավարտին հասցնել։ Պարգևատրման արարողությունը կայացավ, և Հայաստանը ներկայացնող փոքրիկ Միշան զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը։
Միշան մրցութային առաջին օրը կատարել էր «Փոքրիկ ղարաբաղցին» երգը, երկրորդ օրը` «Uptown Funk» հիթը և մեծ տպավորություն էր գործել թե՛ ժյուրիի անդամների, թե՛ ԶԼՄ-ների ներկայացուցիչների վրա։ Շատերը նույնիսկ նշեցին, որ տղան պարզապես Կիրկորովի փոքրիկ պատճենն է։
Մրցույթի առաջին տեղը կիսվեց Ռուսաստանի ներկայացուցիչներ 13-ամյա Ալեքսեյ Զաբուգինի և «ԷՅ ՎԱ» տրիոյի միջև:
Երրորդ տեղը զբաղեցրին Ղազախստանի և Ռուսաստանի երգչուհիները՝ 11-ամյա Սադուակաս Ժանելը և 10-ամյա Մարիա Միրոնովան:
Մրցույթի եզրափակիչ փուլն անցկացվել է Ղրիմի «Արտեկ» կենտրոնում օգոստոսի 11-13-ը: