ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. Լավագույն հետախույզ է ճանաչվել Հայաստանից ժամանած վաշտի հրամանատարը: Նա արժեքավոր մրցանակ է ստացել անձամբ Ռուսաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովից:
«Հաղթանակի նկատմամբ դրսևորած կամքի համար» պարգևատրվել է Անգոլայի հրետանային հաշվարկը, մրցանակը հանձնել են Ղազախստանի պաշտպանական գերատեսչության ղեկավար Իմանգալի Թասմագամբետովը և ՌԴ Ցամաքային ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ Միխայիլ Մատվեևսկին:
Ղրղըզստանի հաշվարկի հրամանատարը նույնպես պարգևատրվել է «Հաղթանակի նկատմամբ դրսևորած կամքի համար» և արժանացել ղազախական ազգային գավաթի:
«Ռազմաբժշկական էստաֆետին» մասնակցող Ռուսաստանի կանանց հավաքականը մրցանակի է արժանացել «Հաղթանակի նկատմամբ դրսևորած կամքի և գթասրտության համար»: Մրցանակը շնորհել է ՌԴ ՊՆ գլխավոր ռազմաբժշկական վարչության պետ Ալեքսանդր Ֆիսունը:
Իրանից ժամանած դասակի հրամանատարը մրցանակի է արժանացել «Դրսևորած կամքի համար»: ՌԴ ՊՆ փոխնախարար Նիկոլայ Պանկովն էլ առանձնացրել է «Էլբրուսյան օղակ» մրցույթի մասնակիցներին, որոնք հաղթահարել էին Ռուսաստանի ամենաբարձր լեռը: «Կալաշնիկով» կոնցեռնի ներկայացուցիչը նվերը հանձնել է «Զինագործ-վարպետ» մրցույթի չինաստանցի մասնակցին:
Ազգային խոհանոցի գիտակների կոչմանն արժանացել են Անգոլայի ռազմական խոհարարները, մրցանակը նրանց է շնորհել ՌԴ պաշտպանական գերատեսչության փոխնախարար Դմիտրի Բուլգակովը: Ղազախստանից ժամանած ռազմական կինոլոգները պարգևատրվել են «Քաջության և վճռականության համար»: Մրցանակը նրանց է հանձնել ՌԴ պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը:
Պաշտպանության փոխնախարար Տատյանա Շևցովան մրցանակ է հանձնել «Տանկային բիաթլոնի» հատուկ անվանակարգերում: Նաև հատուկ մրցանակներ են տրվել «Մարտական քաջության», «Ռազմական գործում ունեցած ձեռքբերումների», «Դիպուկահարային կրակոցների», «Տանկային զորքերին հավատարիմ մնալու» համար: