Հունահռոմեական ոճի ըմշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեց, որ Արսեն Ջուլֆալակյանն անցկացնում է իր վերջին մարզումները վաղը՝ օգոստոսի 14-ին, կայանալիք մրցումներից առաջ:
Պարապմունքներն անցկացվում են այն արենայում, որտեղ կայանալու են մրցումները: Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանին մարզումների ժամանակ օգնում է եղբայրը՝ Արամ Ջուլֆալակյանը:
Ըմբիշներ Արթուր Ալեքսանյանն ու Միհրան Հարությունյանը Ռիո կժամանեն վաղը կեսօրին: Այս երկու ըմբիշները կհասցնեն մեկական պարապմունքներ անցկացնել, քանի որ նրանց գոտեմարտերը նախատեսված են օգոստոսի 16-ին:
Այսօր կայացել է 75կգ քաշային կարգում կշռման արարողությունը և վիճակահանությունը: Այսպիսով մրցումները մեկնարկում են օգոստոսի 14-ին, Երևանի ժամանակով 17:00-ին, ու առաջին գոտեմարտում Արսեն Ջուլֆալակյանը մրցելու է բուլղարացի Դանիել Տիխոմիրով Ալեքսանդրովի հետ: