ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի — Sputnik. Սուրբ Պատարագից հետո մի շարք եկեղեցիներում ազգային ու ժողովրդական խմբերի մասնակցությամբ տեղի կունենան միջոցառումներ և կմատուցվի սիրո ճաշ։ Այս մասին հայտնում է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնից
Մալաթիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակից՝ ժամը 13:00-ին, հավատացյալները խաչերթով կքայլեն դեպի Գրիգոր Նարեկացու արձանը, որտեղ տեղի կունենա խաղողի օրհնության կարգ և օրհնված բերքը կբաժանվի մասնակիցներին: Խաչերթի ընթացքում մասնակիցները կշրջեն բնակելի շենքերի բակերում և աղոթագրքեր կբաժանեն ժողովրդին:
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում՝ ժամը 17:30-ին, Կենտրոն վարչական շրջանի աջակցությամբ տեղի կունենա տոնական համերգային ծրագիր։
Դավթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու բակում կկազմակերպվի համերգային ծրագիր Դավթաշենի «Նոր Դար» պարային համույթի մասնակցությամբ:
Ավանի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում Ավան վարչական շրջանի աջակցությամբ տեղի կունենա տոնական միջոցառում՝ երգի-պարի խմբերի մասնակցությամբ, որից հետո կկազմակերպվի հյուրասիրություն:
Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցու բակում տեղի կունենա միաժամանակ երկու միջոցառում: Տոնի կապակցությամբ Սուրբ Պատարագից հետո կկատարվի խաղողի օրհնության կարգ, որին կհաջորդի բակային-հոգևոր ճամբարի ամփոփումը: Միջոցառման ընթացքում ճամբարի մասնակիցներին կտրվեն պատվոգրեր, իսկ այն երեխաներն ովքեր մկրտված չեն՝ կմկրտվեն:
Նորաբացի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում ժամը 18.00-ին կկազմակերպվի տոնական միջոցառում՝ համայնքի երեխաների մասնակցությամբ:
Նոր Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում թաղապետարանի կրթական բաժնի աջակցությամբ կկազմակերպվի տոնական միջոցառում: Սուրբ պատարագից հետո եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Նշան քահանա Ալավերդյանը կկատարի խաղողի օրհնության կարգ, որից հետո մասնակիցների հետ հոգևոր զրույց կունենա: Այնուհետև թվով 7 մանկապարտեզներից 5-ական երեխաներ հանդես կգան մայրերին նվիրված ասմունքով և երգերով, որից հետո կմասնակցեն կավճանկարի մրցույթի: