ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի — Sputnik. Թերթը գրում է. «Դա այնքան էլ դժվար չէ: Այս տարվա ընթացքում պետական բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը, ինչպես նշեցինք, պետք է կազմեն 1 տրիլիոն 129 մլրդ դրամ, ինչը 62 մլրդ դրամով ավելին է անցած տարվա փաստացի ցուցանիշից:
Իսկ դա նշանակում է, որ տարվա համապատասխան ժամանակահատվածներում հավաքագրված հարկերն ու տուրքերը պետք է առնվազն 5,8 տոկոսով գերազանցեն անցած տարվա նույն ժամանակահատվածներում հավաքագրված ծավալներին: 2015թ. առաջին կիսամյակում հավաքագրվել էր 500 մլրդ դրամ հարկ և տուրք, իսկ 2016թ. նույն ժամանակահատվածում՝ 512 մլրդ դրամ: Աճը կազմում է 2.4 տոկոս:
Այսինքն, անցած տարվա համեմատ հարկերի և տուրքերի աճի տեմպը երկու անգամ ավելի քիչ է, քան պետք է լիներ բյուջեն կատարելու համար: Այսպիսով, եթե այս տարվա առաջին կիսամյակում արձանագրված միտումները տարածենք ամբողջ տարվա վրա, ապա 2016թ. պետբյուջեն կթերակատարվի 2.4 տոկոսով կամ մոտ 27 մլրդ դրամով:
Ցավոք սրտի, պետք է արձանագրել, որ սա թերևս լավագույն սցենարն է: Իրականում, թերակատարումը կլինի ավելի մեծ և կան նման կանխատեսման բոլոր հիմքերը:
Մեր առանց այն էլ քնկոտ տնտեսությունը սկսել է ավելի լայն հորանջել և ամենայն հավանականությամբ շուտով խորը քուն կմտնի»: