ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի — Sputnik. Սյունիքի մարզի Գորիս քաղաքում օգոստոսի 12-ին անցկացվեց Սյունյաց ավանդույթների փառատոնը։
Մարզի բոլոր համայնքները ներկայացրին իրենց բերք ու բարիքը, թթի օղի պատրաստելու հմտություններն ու գորգագործության գաղտնիքները։
Գեղեցիկ, համ ու հոտ արձակող ավելի քան 10 տաղավարում կարելի էր փախլավա, հալվա, ժենգյալով հաց, մուրաբա, լավաշ, մեղր, չիր և հազար ու մի այլ բան համտեսել, հետո` գնել։
Փառատոնի ընթացքում ելույթ ունեցավ երգիչ Էրիկը, ինչպես նաև պարային ու երգչախմբային համույթները, Գորիսի դհոլահարների անսամբլը։
Միջոցառման հյուրերի թվում էին Սյունիքի մարզպետարանի, ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ներկայացուցիչները, որոնք կարևորեցին նման միջոցառումների անցկացումն ու դրանց դրական ազդեցություն տնտեսության ու զբոսաշրջության ոլորտի վրա։
Փառատոնը վարում էր դերասանուհի և հաղորդավարուհի Զառա Արամյանը։
Սյունյաց ավանդույթների առաջին փառատոնն անցկացվել է 2014 թվականին։