ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի — Sputnik. Հուլիսի 17-31-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Մովսես Խորենացու փողոցում, Ազատության հրապարակում, Սարի թաղում, Գյումրի քաղաքի Թատերական հրապարակում և ոստիկանության Աշտարակի բաժնում ոստիկանության ծառայողների կողմից լրագրողների մասնագիտական գործունեությանը և փաստաբանների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է 6 առանձին քրեական գործ:
ՀՔԾ-ն պարզաբանում է, որ գործերի բարդությունն ու մեծ ծավալը հաշվի առնելով, ծառայության պետի որոշմամբ նախաքննություն կատարելու համար կազմվել են առանձին քննչական խմբեր: Քրեական գործերի շրջանակներում իրականացվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ՝ քաղաքացիների նկատմամբ անհամաչափ ուժ կիրառած, լրագրողների մասնագիտական գործունեությունն ու փաստաբանների լիազորությունների իրականացումը խոչընդոտած ոստիկանության աշխատակիցների ինքնությունը պարզելու և մեղավոր պաշտոնատար անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար:
Նախաքննական մարմինը հայտնում է նաև, որ ուսումնասիրվում են այդ օրերին ԶԼՄ-ներով հրապարակված տեսաձայնագրություններն ու հրապարակումները:
ՀՔԾ-ն կոչ է անում նաև տուժած քաղաքացիներին, փաստաբաններին, լրագրողներին դիմել վարույթն իրականացնող մարմին, տրամադրել բռնության գործադրման, տեխնիկայի վնասման, մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու փաստերը հիմնավորող տեսաձայնագրառումները: