ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի — Sputnik. Պուտինը չի մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, թե Հայաստանն իբր պարտավորվել է ադրբեջանական վերահսկողությանը հանձնել Լեռնային Ղարաբաղի շրջանների մի մասը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
«Ամենից առաջ, ես կարծում եմ, որ իմ պարտականությունների մեջ չի մտնում գործընկերներիս ասածները մեկնաբանելը, այդ թվում` Ադրբեջանում, Հայաստանում և որևէ այլ տեղ ասվածները։ Կարծում եմ, որ եթե դուք ուզում եք ծավալուն տեղեկություն ստանալ, պետք է դիմեք այս կամ այն հոդվածի հեղինակներին»,- ասել է Պուտինը` պատասխանելով հայ լրագրողի հարցին, որը վերաբերել է Սանկտ Պետերբուրգում և Բաքվում կայացած հանդիպումներից հետո Ադրբեջանի նախագահի հայտարարություններին։
Միաժամանակ ՌԴ նախագահը նշել է, որ «այդ բավականին բարդ աշխատանքի ընթացքում գործի են դրվում դիվանագիտական բոլոր ակտիվ միջոցները, այդ թվում զանգվածային լրատվության միջոցների կիրառումը` որևէ պահանջի մասին հայտարարելու համար»։
Ղարաբաղյան հակամարտությունը սրվեց ապրիլի 2-5–ն ընկած ժամանակահատվածում։ Երևանը հայտարարեց, որ Ադրբեջանը նախահարձակ գործողություններ է սկսել, Բաքուն էլ իր հերթին հայտարարեց, որ հայկական կողմն է կրակում Ադրբեջանի ուղղությամբ։ Պաշտոնական տվյալների համաձայն` հակամարտության երկու կողմն էլ զոհեր ունեցան, այդ թվում` խաղաղ բնակիչների շրջանում։
Ապրիլի 5-ին Մոսկվայի աջակցությամբ կողմերը պայմանավորվեցին դադարեցնել ռազմական գործողությունները, սակայն շփման գծում խախտումները շարունակվում են մինչ օրս։ Մայիսի 16-ին Վիեննայում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի` հակամարտության թեժացումից հետո առաջին հանդիպումը, որին մասնակցեցին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։
Սարգսյան-Ալիև հանդիպմանը համանախագահող երկրների ներկայացուցիչները պնդեցին 1994թ.–ի զինադադարի և 1995թ.–ի զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը: Համաձայնություն ձեռք բերվեց քայլեր ձեռնարկել դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ։