ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի — Sputnik. Առավոտյան մրցահերթում 56 կգ քաշային Արամ Ավագյանը 1/16 եզրափակչում ուժերը չափեց ճապոնացի 20-ամյա բռնցքամարտիկ Արաշի Մորիսակայի հետ: Բարդ մենամարտում նա հաղթեց 2:1 հաշվով: 1/8 եզրափակչում կհանդիպի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոն Մայք Քոլանի հետ:
Հայ բռնցքամարտիկն այնքան էլ համոզիչ չսկսեց մենամարտը, և մրցավարներն առաջին ռաունդում հաղթանակը շնորհեցին ճապոնացի բռնցքամարտիկին։ Բայց երկրորդ ռաունդում Արամ Ավագյանի առավելությունը նկատելի էր, դիպուկ հարվածների քանակով նա միանշանակ գերազանցեց ճապոնացի ըմբշամարտիկին և ստացավ բավականին լուրջ առավելություն, ինչ էլ արտահայտվեց մրցավարների որոշման մեջ։
Երրորդ ռաունդում հայ բռնցքամարտիկը պարզապես մտածված մարտավարությամբ պահպանեց իր առավելությունը և մենամարտի ավարտից հետո հաղթանակի հասավ 28։29, 29։28, 29։28 (2:1) հաշվով: Ավագյանի այս հաղթանակը հուսով ենք, որ կոգևորի մեր հաջորդ մարզիկին։ Քիչ անց օլիմպիական մրցաշարում իր առաջին մենամարտը կանցկացնի 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը։