ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի — Sputnik. Ռիոյի շրջաններից մեկում անհայտ անձինք գնդակոծել են այն ավտոբուսը, որում եղել են 2016թ-ի օլիմպիական խաղերը լուսաբանող լրագրողները։ Այս մասին հայտնում է Sputnik Բելառուսը։
Դեպքը տեղի է ունեցել բելառուս և բրազիլացի բասկետբոլիստուհիների խաղից հետո, երբ խաղը լուսաբանող լրագրողները Youth Arena մարզադաշտից վերադառնալիս են եղել Օլիմպիական խաղերի մամուլի կենտրոն։
Ճանապարհի կեսին երկու կրակոց է հնչել, որից հետո կոտրվել են ավտոբուսի երկու պատուհանների ապակիները։
«Պրեսբոլի» տեղեկատվության համաձայն` տուժել է իրենց թղթակիցը։ Եվս մի լրագրող աննշան վնասվածքներ է ստացել։
Բրազիլիայի ոստիկանությունը չի մեկնաբանում այդ միջադեպը, սակայն Միջազգային օլիմպիական կոմիտեն հայտարարել է, որ ավտոբուսի վրա ոչ թե կրակել են, այլ առարկաներ են նետել։