ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի — Sputnik. Հրաչիկ Բաբայանը վաստակեց 621.5 միավորը, ինչը, մասնագետների կարծիքով, ոչ մի կերպ չի արտահայտում նրա իրական հնարավորությունները:
Հայ մարզիկից մեծ սպասելիքներ ուներ նաև մարզիչ Սեյրան Նիկողոսյանը, որը մրցումներից հետո շատ հուզված էր և, տեսնելով վերջնական արդյունքը, նույնիսկ արտասվեց:
Սակայն անգամ այս իրավիճակում մարզիչը խոսեց Sputnik Արմենիայի թղթակցի հետ։
«Հրաչիկը շատ լավ պատրաստ էր: Բարձր արդյունքի էր պատրաստ: Փորձն ու հուզմունքը իրենց դերն ունեցան: Ոչ մի, այլ շատ կրակոցներ Հրաչիկը չկարողացավ լավ կատարել ու յուրաքանչյուր կրակոցի ժամանակ տասնորդական միավորների կորուստը, ի վերջո, չար կատակ խաղացին վերջնական արդյունքի վրա: Ափսոս, բայց ինչ կարող ենք անել: Հրաչիկ Բաբայանը երիտասարդ է, դեռ կարող է արդյունքի հասնել: Ամեն ինչ առջևում է»:
Նշենք, որ Բաքվում 2015 թվականին կայացած Եվրոպական խաղերի ժամանակ Հրաչյա Բաբայանը ցույց էր տվել 629.3 արդյունք, ինչը հիմա կարող էր եզրափակիչի ուղեգիր ապահովել: