ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի — Spuntik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է` Մոսկվան ձգտում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխզիջման հասնեն ու երկու կողմի համար ընդունելի որոշում գտնեն Ղարաբաղյան հակամարտության հարցում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Խոսեցիք Ղարաբաղի մասին։ Դա իսկապես խնդիր է, որը մեզ բաժին է հասել խորհրդային անցյալից։ Գիտեմ` որքան սուր հարց է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի համար։ Մենք կձգտենք հասնել նրան, որ Հայաստանն ու Ադրբեջանը գտնեն այնպիսի լուծում, որը փոխզիջումային ու ընդունելի կլինի երկու կողմի համար»,- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ասել է Պուտինը։
Նա ավելացրել է. «Որպեսզի այստեղ չլինեն հաղթողներ, այլ հաղթող լինեն երկու երկրի ժողովուրդները, և երկու պետություններն էլ զգան, որ լուծել են այդ բարդ խնդիրը` այսօրվա ու ապագա սերունդների շահերից ելնելով»։
Ղարաբաղյան հակամարտությունը սրվեց ապրիլի 2-5–ն ընկած ժամանակահատվածում։ Երևանը հայտարարեց, որ Ադրբեջանը նախահարձակ գործողություններ է սկսել, Բաքուն էլ իր հերթին հայտարարեց, որ հայկական կողմն է կրակում Ադրբեջանի ուղղությամբ։ Պաշտոնական տվյալների համաձայն` հակամարտության երկու կողմն էլ զոհեր ունեցան, այդ թվում` խաղաղ բնակիչների շրջանում։
Ապրիլի 5-ին Մոսկվայի աջակցությամբ կողմերը պայմանավորվեցին դադարեցնել ռազմական գործողությունները, սակայն շփման գծում խախտումները շարունակվում են մինչ օրս։ Մայիսի 16-ին Վիեննայում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի` հակամարտության թեժացումից հետո առաջին հանդիպումը, որին մասնակցեցին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։
Սարգսյան-Ալիև հանդիպմանը համանախագահող երկրների ներկայացուցիչները պնդեցին 1994թ.–ի զինադադարի և 1995թ.–ի զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը: Համաձայնություն ձեռք բերվեց քայլեր ձեռնարկել դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ։