ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի — Sputnik. Վերջին օրերի ընթացքում Շիկահողի արգելոցի տարածքում շուրջ 30 կաղնի է հատվել:
Այդ մասին Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում պատմեց լրագրող Նարինե Կիրակոսյանը, որը անձամբ եղել է տարածքում ու արձանագրել գողությունը:
«Այդ տարածքը գտնվում է Արցախի և Ադրբեջանի սահմանին մոտ, Ներքին Հանդ գյուղից դեպի հարավ»,- ասաց լրագրողը՝ հավելելով, որ արգելոցում ընդհանրապես որևէ ծառահատում արգելված է, սակայն իրեն հաջողվել է լուսանկարել ոչ միայն հատված ծառերը, այլև տարածքում կայանված «Վիլիս» ավտոմեքենաները, որոնց մեջ հրացաններ են եղել:
«Երբ մենք տեղացիների հետ զրուցում էինք, մեզ ասացին, որ ծառերը «Վիլիս»-ներով տանում են գիշերը, քանի որ բնապահպանական տեսչությունը վերահսկողություն է իրականացնում ցերեկը և հիմնականում մեծ բեռնատար ավտոմեքենաներն է ստուգում»,- ասում է լրագրողն ու հավելում, որ «Վիլիս» ավտոմեքենայի մեջ շուրջ 3-4 խմ փայտ է տեղավորվում, որն աննկատ է մնում տեսուչների կողմից:
Տեղացիների ունեցած տեղեկություններով, թանկարժեք բնափայտը հատվում է գինու և կոնյակի տեղական գործարաններից մեկի համար, տակառներ պատրաստելու նպատակով:
Բնապահպանության նախարարությունը, պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, հայտնեց, որ նշված ժամանակահատվածում Շիկահողի արգելոցի տարածքում ծառահատման դեպքեր չեն գրանցվել:
«Այս պահին էլ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը աշխատանքային այցով գտնվում է Սյունիքի մարզում, եղել է «Շիկահող պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տարածում»,- ասաց ԲՆ մամուլի քարտուղար Թեհմինա Արզումանյանը,-«հավաստիացնում ենք, որ ոչ այսօր, ոչ նախորդ օրերին արգելոցում ծառահատումներ չեն եղել»:
Ինչ վերաբերում է բնապահպան լրագրողների՝ տեղում կատարած լուսանկարներին, ԲՆ-ն առաջարկեց դրանք փոխանցել բնապահպանական պետական տեսչություն՝ ուսումնասիրություն իրականացնելու համար, քանի որ նախարարությունում չեն բացառում, որ լուսանկարներում արձանագրված տեղանքը ոչ թե արգելոցին, այլ «Հայանտառ» ՊՈԱԿ-ին է պատկանում:
Նարինե Կիրակոսյանի խոսքով, իրենց ահազանգին ի պատասխան, նախարարությունը հայտնել է, որ արգելոցի սահմանները կադաստրային քարտեզով հստակ սահմանված չեն, ինչն էլ բարդացնում է հսկողությունը:
«Սակայն դեռևս 2003թ-ին կա համապատասխան որոշում, որը հասանելի է համացանցում, և որով արգելոցի սահմանները հստակեցված են»,- ասաց լրագրողը՝ հավելելով, որ այցելության ժամանակ GPS-ի միջոցով գրանցած քարտեզի համաձայն, իրենք եղել են հենց արգելոցի տարածքում:
Մինչդեռ Բնապահպանության նախարարությունը նրանց ասել է, որ հնարավոր է՝ դա Կապանի անտառտնտեսության կամ ԼՂ տարածքն է:
«Փաստացի նախարարությունում փորձում են խնդիրն այլ գերատեսչությունների ուսերին բարդել»,- եզրակացնում է լրագրողը: