ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի-Sputnik. Մեր բռնցքամարտիկի մրցակիցը Ֆիջին ներկայացնող Հիլլ Ուիլսոնն Ուինսթոնն էր:
Մարգարյանի գործողություններում մեկնարկին բնորոշ հուզմունք կարելի էր նկատել, բայց հայ բռնցքամարտիկը բոլոր երեք ռաունդներում էլ կարողացավ առավելություն ստանալ ու հաղթանակի հասնել:
Կողային հինգ մրցավարներն էլ յուրաքանչյուր ռաունդում 10:9 հաշվով հաղթանակը շնորհեցին Վլադիմիր Մարգարյանին:
Արդյունքում ստացվեց 30:27՝ հօգուտ մեր բռնցքամարտիկի: Հաջորդ մենամարտը Մարգարյանը անցկացնելու է օգոստոսի 9-ին:
Մեր մարզիկին լուրջ փորձություն է սպասվում, քանի որ մրցակիցը լինելու է Լոնդոնի օլիմպիական խաղերի չեմպիոն, կուբացի Ռոնիել Իգլեսիասը:
Հաղթական մեկնարկից հետո Վլադիմիր Մարգարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց. «Առաջին հաղթանակը յուրաքանչյուր մրցաշարում միշտ էլ շատ դժվար է տրվում: Հաղթանակը՝ հաղթանակ, բայց ես այնքան էլ գոհ չեմ իմ մենամարտելուց»:
Հիշեցնենք, որ բռնցքամարտի օլիմպիական մրցաշարում Հայաստանի հավաքականը հանդես է գալիս հինգ բռնցքամարտիկով:
Արթուր Հովհաննիսյանը 49 կգ քաշային կարգում իր առաջին մենամարտում պարտվելով լքել է մրցաշարը, իսկ Վլադիմիր Մարգարյանի երկրորդ մենամարտից հետո, օգոստոսի 10-ին, իր առաջին մենամարտն է անցկացնելու Արամ Ավագյանը՝ 56 կգ քաշային կարգում: