ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի — Sputnik. Պավլիկ Մանուկյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանի խոսքով` իր պաշտպանյալը հացադուլը դադարեցրել է՝ հաշվի առնելով Ժիրայր Սեֆիլյանի կոչը և «Սասնա ծռերի»՝ «Ապստամբություն առանց զոհերի» կարգախոսը:
Փաստաբանը հրապարակել է Պավլիկ Մանուկյանի հայտարարությունը։
«Անսալով ժողովրդիս կոչին, հաշվի առնելով զորահրամանատարիս` Ժիրայր Սեֆիլյանի հորդոր- պահանջը, հավատարիմ մնալով «Սասնա ծռերի»` «ապստամբություն առանց զոհի» պատգամին, զգալով մեր մոտալուտ հաղթանակի տեսլականը` ես` Պավել Մանուկյանս, դադարեցնում եմ հացադուլը»,- գրել է Մանուկյանը։
Պավլիկ Մանուկյանն արդեն 8 օր է՝ հացադուլ էր հայտարարել։ Նա այժմ գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոցում»:
Ավելի վաղ Ժիրայր Սեֆիլյանը կոչ էր արել «Սասնա ծռերի» անդամ Պավլիկ Մանուկյանին դադարեցնել հացադուլը: