ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի — Sputnik. «Ժողովուրդ» թերթի տվյալով` այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության պաշտոնական թիվը կազմել է 2 մլն 995 հազար 100 մարդ։
«Նկատենք, որ այս տարվա վեց ամսում ՀՀ մշտական բնակչության թիվը նվազել է 3 հազար 500-ով։ Ընդ որում, բերված թիվն արտագաղթած քաղաքացիներին չի ներառում։ Մշտակաև բնակչության պաշտոնական թիվը, կարելի է ասել, որ ՀՀ քաղաքացիների հանրագումարն է, որը իր մեջ ներառում է ինչպես Հայաստանում գտնվողներին, այնպես էլ արտերկրում բնակվող մեր քաղաքացիներին։ Ի դեպ, վերջին մեկ տարվա կտրվածքով, այսինքն՝ 2015-ի հուլիսի 1 —ի հետ համեմատած, ՀՀ մշտական բնակչության թիվը նվազել է 10 հազար 400-ով»,- գրում է թերթը։
Հոդվածում նշվում է նաև, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին կեսին Հայաստանից մեկնել և չի վերադարձել 91 հազար 904 ՀՀ քաղաքացի։
«Ենթադրվում է, որ այդ քաղաքացիների մոտ կեսը հանգստանալու կամ այլ նպատակներով Հայաստանից ժամանակավորապես բացակայող քաղաքացիներն են, իսկ մյուս կեսը, թերևս, արտագաղթածներն են»,-գրում է թերթը։