ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի — Sputnik. «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանին (Միայնակ գայլ), մեղադրանք է առաջադրվել: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Արայիկ Խանդոյանի շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանը:
«Արայիկ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը): Ենթադրում եմ, որ ամենաուշը վաղը խափանման միջոց ընտրելու միջնորդություն կներկայացվի»,- նշեց Պապիկյանը:
Խանդոյանն այս պահին Վաղարշապատի ձերբակալված անձանց պահման վայրում է:
«Սասնա ծռեր» խմբի պաշտպանության խմբի անդամ, փաստաբան Մուշեղ Շուշանյանն էլ հայտնել է, որ խմբի անդամներ Սերգեյ Կյուրեղյանին և Արայիկ Հակոբյանին առաջադրվել են մեղադրանքներ ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի (պատանդ վերցնելը) 3-րդ մասի 1-ին կետով և 235 հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 3-րդ մասով:
Նրանք մեղադրվում են «կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելում կրելու, պատանդ վերցնելու և պահելու» մեջ:
Ավելի վաղ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ ՀՀ ոստիկանության պարեկապահակային (ՊՊԾ) գնդի տարածքի զավթման փաստի առթիվ 2016թ. հուլիսի 17-ին ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 219 (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235 (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել կամ կալանավորվել է 47 անձ: 24 անձի տարբեր համակցություններով մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218 (պատանդ վերցնելը), 219 և 235 հոդվածներով:
Ոստիկանության պարեկապահակային գունդը հուլիսի 17-ից գրաված «Սասնա ծռեր» զինված խումբը զենքը վայր դրեց և իրավապահներին հանձնվեց հուլիսի 31-ին։