ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի- Sputnik. Հուլիսյան իրադարձություների ու դրանց հետագա զարգացումների հետևանքով, ԵՄ-ը Հայաստանին կարող է զրկել GSP+ համակարգից օգտվելու իրավունքից:
Նման կարծիք այսօր լրագրողներին հայտնեց տնտեսագետ Գագիկ Մակարյանը՝ հիշեցնելով, որ այդպիսի պատժամիջոց կիրառելու հնարավորության մասին Եվրոպան մեկ անգամ արդեն ակնարկել է:
«Արտահանման արտոնյալ համակարգը, որը տրված է Հայաստանին, 27 կոնվենցիայի պահանջ ունի, որոնցից 14-ը վերաբերում են մարդու իրավունքներին և աշխատանքային իրավունքներին: ԵՄ-ը հենց հիմա փորձագետների խումբ է վարձակալել, որոնք քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկելով, վերլուծություններ են կատարում, թե որքանով է մեր պետությունն այդ կոնվենցիաների պահանջները կատարել»,- ասաց Գագիկ Մակարյանը՝ հավելելով, որ վերջին դեպքերը ապացուցեցին, որ մարդու իրավունքների տեսակետից մեր երկիրը խիստ անկատար է:
«Գործնականում մենք տեսանք, որ պատկերը կարող է 180 աստիճանով հակառակը լինել զեկույցներում ներկայացվածից: Ես Եմ-ում մի անգամ ինձ ասացին, որ եթե մենք մեր պարտավորությունները լավ չկատարենք, կարող ենք մի օր նաև զրկվել դրանից»,- ասաց Մակարյանը:
Գագիկ Մակարյանը չբացառեց, որ բացասական ցուցանիշների հետևանքով Հայաստանը կարող է զրկվել արտերկրից տրամադրվող դրամաշնորհներից ու տարբեր ծրագրերի ֆինանսավորումից:
Գագիկ Մակարյանի կարծիքով, վերջին իրադարձություների հետևանքով ամենաշատը կտուժի զբոսաշրջությունը:
Հատկապես այն բանից հետո, երբ պետական մակարդակով հայտարարվեց, որ տեղի ունեցածն ահաբեկչություն էր:
«Եվրոպացին, երբ լսում է՝ ահաբեկչություն, պատկերացնում է այնպիսի տեռոր, ինչպիսիք իրենք տեսել են սեփական երկրներում, այնպես որ, երբ մեզ մոտ պետական մարմինները սկսեցին այդ բառն օգտագործել՝ գուցե ելնելով ինչ-որ քաղաքական նպատակներից, մի շարք տուրիստական խմբեր արդեն հրաժարվեցին Հայաստան գալուց: Կարծում եմ, պետք է շատ զգուշավոր լինել որակումներում»,- ասաց Մակարյանը:
Հուլիսյան իրադարձություների բացասական արձագանքը, տնտեսագետի համոզմամբ, կարող է պատճառ դառնալ նաև արտագաղթի նոր ալիքի:
Ճգնաժամային տրամադրությունները, նրա խոսքով, Հայաստանից հեռանալու հերթական առիթը կարող են դառնալ:
«Որոշ մարդիկ կփորձեն ժամանակի ընթացքում հեռանալ Հայաստանից, քանի որ նրանք այլևս հեռանկար չեն տեսնում իրենց երկրում: Որոշակի հոռետեսություն կարող է իշխել, և ոչ թե աշխատանքային միգրացիան, այլ իրական արտագաղթը կարող է խթանվել»,- կարծում է տնտեսագետը:
Երկրում ստեղծված այս իրավիճակից կտուժեն նաև մանր ու միջին ձեռներեցները, որոնք ստիպված կլինեն ձեռնպահ մնալ ռիսկային ներդրումներ անելուց՝ սպասելով իրավիճակի վերջնական կայունացմանը: