ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի — Sputnik. «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից գրաված ՊՊԾ գնդի տարածքում գտնվող 3 բուժաշխատողների հետ շտապօգնության ծառայությունն այսօր կապ է հաստատել, նրանց ուտելիք ու դեղորայք է ուղարկվել:
«Նրանք կապ են հաստատել մեզ հետ, ասել, որ սնունդ է պետք իրենց։ Մենք սնունդ հավաքեցինք և ուղարկեցինք նրանց», — ասաց Ստեփանյանը։
Նա նշեց, որ իրենց ունեցած տեղեկություններով` պատանդ վերցված երեք բուժաշխատողների վիճակը նորմալ է։ Ստեփանյանը չմեկնաբանեց այն հարցը, թե արդյո՞ք բանակցություններ տարվում են պատանդներին ազատ արձակելու շուրջ, և բժիշկները ե՞րբ ազատ կարձակվեն ու կանցնեն աշխատանքի։
Նրա խոսքով` պատանդառված բուժաշխատողներին այլ բժիշկներով փոխարինելու հարցը դեռ չի քննարկվել։ Ստեփանյանի տվյալով` զինված խմբի անդամները հրաժարվում են ազատ արձակել բուժքրոջը։
Ոստիկանության պարեկապահակային գնդի տարածք ահազանգով մեկնած շտապօգնության բրիգադի անդամները «Սասնա ծռեր» խմբի անդամների կողմից պատանդ էին պահվել հուլիսի 26-ի լույս 27-ի գիշերը: Անձնակազմի 4 անդամներից մեկը՝ բուժակ Դավիթ Տոնոյանն այսօր լուսադեմին ազատ է արձակվել: