ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի — Sputnik. ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«Կազմակերպված խմբի կողմից զենքի կիրառմամբ, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի շենքերը և շինությունները հուլիսի 17-ին զավթելու և պահելու դեպքի առթիվ հարուցված և ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում, հուլիսի 27-ին, ժամը 19.50-ին ՀՀ ԱԱԾ վարչական շենք բերման է ենթարկվել և ժամը 22.30-ին, դատավարական պատշաճ ընթացակագով ձերբակալվել ՀՀ քաղաքացի Արա Ալեքսանդր Վահրամի Կոմշույանը (Ալեք Ենիգոմշյան): Քաղաքացի Կոմշույանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության՝ կազմակերպված խմբի վերոգրյալ հանցավոր գործողություններին օժանդակելու մեջ:
Բերման ենթարկվելիս Կոմշույանն օգտվել է իր իսկ ընտրած պաշտպանի ծառայություններից: Հաշվի առնելով վերջինիս հաշմությունը, նրա իրավունքների ավելի լայն իրագործումն ապահովելու, դատաիրավական գործողություններին մասնակցելու նպատակով, ի շահ իրեն քրեական գործով ներգրավվել է կույրերի համար ստեղծված բրայլյան գրի համապատասխան մասնագետ՝ տիֆլո-մանկավարժ»:
«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը կասկածվում է հուլիսի 17-ին ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրաված զինված խմբին օժանդակելու մեջ։
Ենիգոմշյանն այժմ պահվում է ԱԱԾ Ձերբակալվածների պահման վայրում:
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբի կողմից ոստիկանության ԱԱԾ գունդը գրավելուց հետո Ենիգոմշյանը հանդիպել էր Ժիրայր Սեֆիլյանի հետ և մասնակցում էր իշխանությունների հետ ընթացող բանակցություններին:
Ալեք Ենիգոմշյանը Հայաստանի ազատագրման հայ գաղտնի բանակի անդամ է, նա նաև «Հիմնադիր խորհրդարանի» անդամ է: 1980թ. Ժնևում նրա ձեռքին նռնակ է պայթել, որի հետևանքով կտրվել է ձեռքը և կորցրել է տեսողությունը: