ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի — Sputnik. «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն առաջին գոլը խփեց իր նախկին ակումբի` Դորտմունդի «Բորուսիայի» հետ ընկերական խաղում։
59-րդ րոպեին Մխիթարյանը Խուան Մատայի հետ անխոչընդոտ գրավեց Ռոման Վայդենֆելերի դարպասը։ Դա նոր ակումբում 27-ամյա կիսապաշտպանի առաջին գոլն էր։
Այդ հարվածը, սակայն, «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբը չփրկեց խոշոր պարտությունից։ Մխիթարյանի գոլից առաջ «ՄՅ» արդեն հասցրել էր 3 գնդակ բաց թողնել, ևս մեկ գնդակ նրանք ուղարկեցին դարպասը վերջին պահին։ Արդյունքում խաղն ավարտվեց 1։4 հաշվով` հօգուտ «Բորուսիայի»։
Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբ է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիայից», որի կազմում խաղում էր 2013 թվականից` չորս տարվա պայմանագիր կնքելով ակումբի հետ, մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ։ Կիսապաշտպանի տեղափոխման համար ակումբը վճարել է 42 մլն եվրո։