ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի- Sputnik. Նախօրեին տեղի է ունեցել Հայկական վերածնունդ կուսակցության կառավարման խորհրդի նիստը, որը վարել է ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը:
Քննարկվել է Էրեբունի ՊՊԾ գնդի գրավման հետևանքով ստեղծված իրավիճակը, որից հետո ՀՎԿ կառավարման խորհուրդն ընդունել է հայտարարություն որու, մնսնավորապես, ասվում է.
«ՀՎԿ-ն կրկին վերահաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ եկել է կանգ առնելու և Հայաստանում արմատական, շրջադարձային փոփոխություններ կատարելու ժամանակը, ինչը, նախևառաջ, պայմանավորված է իշխանությունների կողմից քաղաքական կամքի դրսևորմամբ:
Միևնույն ժամանակ, «Հայկական վերածնունդ» կուսակցությունն ընդունելի չի համարում քաղաքական նպատակներին հասնելու համար ոչ քաղաքական միջոցների կիրառումը, առավել ևս, որ դրանք հանգեցնում են մարդկային կորուստների և ողբերգական հետևանքների:
Մենք մերժում և դատապարտում ենք երկուստեք բռնության ցանկացած դրսևորում: Կուսակցությունը կոչ է անում իրավապահ մարմիններին հարգել քաղաքացիների օրինական իրավունքներն ու ազատությունները՝ անընդունելի համարելով ցուցարարների նկատմամբ իրավապահ մարմինների կողմից ոչ համաչափ ուժի ցանկացած կիրառում, միևնույն ժամանակ՝ դատապարտելով առանձին քաղաքացիների հրահրիչ և սադրիչ գործողությունները:
Անթույլատրելի ենք համարում տարբեր անհատների և ուժերի կողմից դիվիդենտներ շահելու նպատակով տեղի ունեցածի շահարկման և կրակի վրա յուղ լցնելու փորձերը և կոչ ենք անում զգոնություն ու հանդուրժողականություն ` ծայրաստիճան լարված իրավիճակը հանգուցալուծելու համար»: