ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի — Sputnik. Նիսի օդանավակայանում տարհանում է ընթանում, տերմինալներից մեկը շրջափակել են զինծառայողները, ուրբաթ հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով դեպքի վայրում գտնվող Ասոշիեյթիդ փրես գործակալության թղթակցին։
«Ուղևորներին ասացին, որ դուրս գան Նիսի օդանավակայանից»,- հաղորդել է թղթակիցը։ Տարհանման պատճառները հայտնի չեն։ Հաղորդվում է նաև, որ տերմինալի ներսում զինվորականներ կան։
Հինգշաբթի երեկոյան մարդիկ հավաքվել էին Նիսի Անգլիական ափին` դիտելու Բաստիլի գրավման օրվան նվիրված հրավառությունը։ Ականատեսների տվյալներով` բեռնատարը մտել է ամբոխի մեջ, վարորդը զիգզագաձև վարելով` անցել է 2 կմ` վրաերթի ենթարկելով մարդկանց, ինչպես նաև կրակ է բացել նրանց ուղղությամբ։ Զոհվել է 84 մարդ, վիրավորվել` ավելի քան 200-ը։ Բեռնատարը ոչնչացվել է ոստիկանության կողմից։ Ֆրանսիայի նախագահը սա ահաբեկչություն է որակել։
Նիսի ահաբեկչությունը դարձավ երրորդ խոշոր հարձակումը Ֆրանսիայում վերջին մեկուկես տարվա ընթացքում։ 2015 թվականի հունվարին և նոյեմբերին հինգերորդ հանրապետությունը արդեն վերապրել է երկու սարսափելի ողբերգություն` 2015 թվականի հունվարի 7-ին Շառլի Էբդո երգիծական պարբերականի խմբագրության վրա հարձակումը և 2015 թվականի նոյեմբերի 13-ին Փարիզում ահաբեկչությունների շարքը։