ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի — Sputnik. Հայկական վավերագրական կինոյի վարպետներից մեկի` ռեժիսոր Ռուբեն Գևորգյանցի հոբելյանն անտարբեր չթողեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի կազմակերպիչներին: «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում ուշ երեկոյան հայկական կինոարվեստի լավագույն ներկայացուցիչները հավաքվել էին` շնորհավորելու հոբելյարին և հարգանքի տուրք մատուցելու նրա արվեստին:
Հոբելյարին ներկայացրեց փառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանը` նշելով Գևորգյանցի արվեստի մեծ դերը կինոյի պատմության մեջ։ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, կինոգետ Դավիթ Մուրադյանը նշեց, որ Գևորգյանցը ոչ միայն տաղանդավոր ռեժիսոր է, այլև տաղանդավոր անձնավորություն։
Մուրադյանը Գևորգյանցին հանձնեց հայկական կինոակադեմիայի «Անահիտ» մրցանակը, իսկ Խաչատրյանի ձեռքից մաեստրոն ստացավ «Փարաջանովի թալեր» պատվավոր մրցանակը: Գևորգյանցն իր հերթին շնորհակալություն հայտնեց տոնակատարության կազմակերպիչներին, ովքեր նրան ուրախացրին հրաշալի նվերով, անկախ նրանից, որ կինոռեժիսորի 70-ամյակը լրացել էր դեռ նոյեմբերին: