ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի-Sputnik. «Ոսկե ծիրան» կինոփառատոնի 4-րդ օրը վերջապես հայտնվեց փառատոնի զարդը և պատվավոր հյուրը` համաշխարհային կինոյի աստղ, ֆրանսիացի դերասանուհի Ժակլին Բիսեթը։
Դերասանուհու պատվին փառատոնը կազմակերպել էր ֆիլմերի հետահայաց ցուցադրություն` նրա մասնակցությամբ։
Հետահայաց ցուցադրությունը սկսվեց ֆրանսիական կինոյի դասական Ֆրանսուա Տրյուֆոյի «Ամերիկյան գիշեր» ֆիլմի ցուցադրությամբ։
Ֆիլմից առաջ փառատոնի հիմնադիր Հարություն Խաչատյանը նշեց, որ դերասանուհին մեծ նշանակություն ունի Եվրոպայի, ողջ աշխարհի և հիմա էլ` Հայաստանի համար։ Խաչատրյանը Բիսեթին անվանեց համաշխարհային կինոյի ամենագեղեցիկ դերասանուհիներից մեկը։
Այնուհետև ելույթ ունեցավ ֆրանսիացի դերասանուհին և ասաց, որ շատ ուրախ է մեր երկրում գտնվելու համար, որ երբեք չէր եղել Հայաստանում, բայց համոզված է, որ լավ մարդիկ են ապրում այստեղ։
Բիսեթը տրամադրեց հանդիսատեսին Տրյուֆոյի ֆիլմի դիտմանը` նշելով, որ «Ամերիկյան գիշերը» պարունակում է կինեմատոգրաֆի բոլոր տարրերը` կատակերգությունից մինչև ողբերգություն։
Հարություն Խաչատրյանը հավելեց, որ փառատոնը հրավիրել է Բիսեթին, որպեսզի նրան հանձնի Սերգեյ Փարաջանովի անվան մրցանակը` «Փարաջանովյան թալերը», և կատակեց, թե մրցանակը կհանձնի ոչ թե այսօր, այլ փակման արարողության ժամանակ։