ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի — Sputnik. Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոստովանել է, որ կկարոտի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, ով այս ամսվա սկզբին տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ» անգլիական ակումբ։ Այս մասին հայտնում է championat.com-ը։
Հայ ֆուտբոլիստը տրանսֆերային ռեկորդ է սահմանել` դառնալով հետխորհրդային տարածքի պատմության մեջ ամենաթանկ վարձատրվող խաղացողներից մեկը։ «Մանչեսթեր Յունայթեդը» Մխիթարյանի համար 42 մլն եվրո է վճարել։
Տուխելի խոսքով` «Բորուսիան» կորցրել է իր երեք առանցքային ֆուտբոլիստներին` Հումելսին, Գյունդողանին և Մխիթարյանին։
«Մենք արեցինք ինչ կարող էինք, որպեսզի պահենք նրանց, սակայն նրանց առաջարկները շատ լավն էին։ Թիմը լքած մարզիկները մեծ ազդեցություն ունեին հավաքականում։ Նրանք օրինակ էին ծառայում մյուսների համար», — ասել է նա։
Միևնույն ժամանակ Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչը խոստովանեց, որ ամենից շատ կկարոտի Մխիթարյանին։
«Հավանաբար բոլորից շատ կկարոտեմ Մխիթարյանին։ Ես նրա մեծ երկրպագուն եմ։ Այժմ ես անհամբեր սպասում եմ թիմի նորեկների հետ աշխատանքին», — ասել է նա։
Ավելի վաղ գերմանացի ֆուտբոլի փորձագետ Ռաֆայել Հոնիգշտեյնը հայտնել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները կսիրեն նորեկին, քանի որ Մխիթարյանը հիանալի ֆուտբոլիստ է, և նրա խաղին հետևելը հաճույք է։