ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի — Sputnik. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցեց Radisson Blu ցանցի Երևանում առաջին հինգաստղանի Radisson Blu Hotel Yerevan հյուրանոցի բացմանը։
Նախագահը շրջեց Երևանի բարձրակարգ հյուրանոցների շարքը համալրած Radisson Blu Hotel Yerevan-ում, ծանոթացավ կատարված աշխատանքներին, իրականացված ներդրումներին, ստեղծված աշխատատեղերին (շուրջ 135) և առաջարկվող ծառայությունների որակին:
Հյուրանոցի գլխավոր մենեջեր Ջորջ Միուի խոսքով` հյուրանոցը մրցակիցներից տարբերվում է իր յուրահատուկ ոճով։
«Հյուրանոցը գտնվում է մայրաքաղաքի լավագույն հատվածում, այստեղ շատ կանաչ տարածք կա և հանգիստ է, ինչպես նաև հիանալի տեսարան է բացվում դեպի Արարատ լեռը և ողջ Երևանը։ Այդ ամենը նպաստում է, որ Radisson Blu-ն իսկապես ուշադրության արժանի լինի»,- ասաց Միուն լրագրողներին։
Նրա կարծիքով` ցանցի ընդլայնումը կբերի տուրիզմի և բիզնեսի ոլորտների զարգացման, Հայաստանի մասին տեղեկացվածության բարձրացման։
Հյուրանոցի աշխատակիցները պնդում են, որ այցելուները կարող են ունենալ անհրաժեշտ ամեն բան լիարժեք հանգստի և արդյունավետ աշխատանքի համար։
Հյուրանոցում բնակվելու գինը սկսվում է 71 հազար դրամից (մոտ 140 դոլար)։
«Արքայական» համարն արժե 790 հազար դրամ (1600 դոլար), իսկ նախագահականը` 1,7 միլիոն դրամ (մոտ 3400 դոլար)։