Նախկինում փառատոնն անցկացվում էր Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ընդարձակ դահլիճում: Կամ օպերային թատրոնում չէին ցանկացել նվազեցնել վարձակալման գինը, կամ կազմակերպիչների միջոցները սահմանափակ էին եղել, իսկ գուցե մեղավոր էր «13» թիվը:
Երևանի քաղաքապետարանից պնդում են, որ իրենց կողմից ֆինանսական ծախսերում ոչ մի փոփոխություն չի եղել:
«Կազմակերպիչը պարոն Խաչատրյանն է, ես տեղյակ չեմ: Քաղաքապետանն ինչպես օգնել է ամեն տարի, այդպես էլ շարունակում է օգնել: Մեր կողմից ոչ մի կրճատում չի եղել»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Նրա խոսքով՝ այս միջոցառումը կարևոր է, քանի որ Երևանը և հայկական կինեմատոգրաֆը դրանով ներկայանում են աշխարհին: Սակայն այս տարի փառատոնի հյուրերը և համաշխարհային աստղերը քիչ են: Միջոցառման Շրջանակում Շառլ Ազնավուրի անվան հրապարակում նվագախմբի հնչյունների ներքո բացվեց երեք աստղ՝ նվիրված հայկական և խորհրդային կինոյի լեգենդներին՝ Ալբերտ Յավուրյանին, Էդմոն Քյոսայանին և Դմիտրի Քեսայանցին:
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը կշարունակվի մինչև հուլիսի 17-ը:
«Ոսկե ծիրան» փառատոնն անցկացվում է Երևանում 2004թ.-ից, այն տարածաշրջանի ամենահեղինակավոր փառատոներից մեկն է։
Տարբեր տարիների փառատոնին ներկա լինելու համար Երևան են այցելել աշխարհահռչակ դերասաններ և ռեժիսորներ, այդ թվում`գրող և սցենարիստ Տոնինո Գուերան, անվանի դերասանուհիներ Կլաուդիա Կարդինալեն և Ֆանի Արդանը: 2010թ.-ին երևանյան կինոփառատոնն արժանացել է Կինոյի, հեռուստատեսության և սպորտի Ficts Plate D'honneur միջազգային միության գլխավոր մրցանակին: